ՀԱՅ ENG РУС
About Us
Directorate, Administrative Staff
The Library and Publications of the Institute
News
Announcement
Oriental Studies in Armenia
Youth Orientalist
Scientific Council
Postgraduate and MA courses
International Relations
Contacts
News
06.08.2012
Թուրք-սիրիական հարաբերություններին ու սիրիական զարգացումներին նվիրված քննարկումներ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում թուրք-սիրիական հարաբերությունների, Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ հուլիսի 10-27-ը անց են կացվել մի շարք քննարկումներ:
Քննարկման հիմնական հարցերը վերաբերում էին առավելապես սիրիական ճգնաժամում Թուրքիայի դերակատարությանը, ազդեցությանը, ինչպես նաև արտաքին այլ դերակատարների քաղաքականությանը: Քննարկվել են նաև սիրիական հիմնախնդրի համատեքստում քրդական գործոնի նշանակությունն ու հնարավոր զարգացումները, տեղեկատվական պատերազմների ազդեցությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել Սիրիայի հայ համայնքի վիճակին, նրանց անվտանգության ու հետագա ճակատագրին առնչվող խնդիրներին:
Հիմնական տեսակետներից մեկն այն էր, որ Սիրիայի հարցում Թուրքիան չունի գործողությունների մշակված պլան, այն կրում է իրավիճակային բնույթ և վերջնական նպատակը հստակեցված չէ։ Թուրքիան դեռևս չի կողմնորոշվել և չի ձևակերպել իր վերջնական նպատակը Սիրիայի հարցում: Անկարայի համար առաջնահերթ խնդիր է համարվում Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու և հումանիտար միջանցքի ստեղծումը։ Թուրքիան պատրաստ է որոշակի փուլում ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Որոշակիորեն Թուրքիայի զինվորականության ու կառավարության դիրքորոշումները համընկել են, և զինվորականությունը համաձայնություն է տվել, որպեսզի Թուրքիան բարձրացնի բուֆերային գոտու հարցը, ինչը, սակայն, մերժվել է ՆԱՏՕ-ի կողմից: Բուֆերային գոտու կամ հումանիտար միջանցքի պարագայում Թուրքիան չի կարող միայնակ գործել, այլ ունի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցության կարիքը: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են հավանություն տալ և օժանդակել Թուրքիային այդ հարցում:
Տեսակետ հնչեց, որ Թուրքիան այս ճգնաժամից դուրս կգա ուժեղ դիրքերով, ավելի հզորացած: Միաժամանակ հակառակ կարծիքն էլ հնչեց, որ այս ամենը Թուրքիայի կողմից չհաշվարկված խաղ է, և Թուրքիան կարող է կորուստներով դուրս գալ: Ռազմական միջամտություն չլինելու պարագայում Թուրքիայի դերը կնվազի, իսկ արտաքին ռազմական միջամտության դեպքում` նրա դերակատարությունը կմեծանա, քանի որ օգտագործելու են Թուրքիայի ուժերը:
Նշվեց, որ սիրիական խնդրի հետ կապված Թուրքիայի քաղաքական դաշտում 3 հիմնական մոտեցում է ձևավորվել: 1-ը` ԱԶԿ-ի մոտեցումը, 2-ը` այն ուժերը, որոնք ցանկանում են Սիրիայի գործընթացներին ակտիվ ձևով ներգրավվածություն և 3-ը` սոցիալ-դեմոկրատական թևը, որը չեզոքության պահպանման կողմնակից է:
Թուրքիան ամեն ինչ անում է, որ քրդական պայթյունավտանգ ռիսկերը չեզոքանան` կանխել Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծման հնարավորությունը: Ինչ վերաբերում է Սիրիայի քրդերին, ապա, մեծ հաշվով, նրանք չեն ցանկանում պաշտպանել հակամարտության որևէ կողմին, այլ նրանց նպատակը քրդական ինքնավարության ստեղծումն է: Սա լրջորեն անհանգստացնում է Թուրքիային, քանի որ Անկարայի համար անընդունելի է էթնիկ-կրոնական բաժանման ցանկացած տարբերակ: Մասնակիցները հնարավոր համարեցին քրդական զինյալների դեմ գործողությունների պատրվակով Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների իրականացումը Սիրիայի տարածքում:
Թուրքիայի դերակատարության ու ազդեցության բարձրացումը արաբական աշխարհում որոշակի դժգոհություն է առաջացնում և հատկապես Սաուդյան Արաբիան օգտագործում է իր լծակները դրան հակազդելու համար:
Հաշվի առնելով Սիրիայում ընթացող արագ զարգացումներն ու իրավիճակի կտրուկ փոփոխությունը` նման քննարկումները կրելու են պարբերական բնույթ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
6 օգոստոս, 2012 թ.

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)