|
|
|
|
|
|
|
|
2022.11.21 |
Ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի Կլոր դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՃԱՊՈՆԻԱ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»... |
|
|
|
Ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի Կլոր դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՃԱՊՈՆԻԱ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն ՀԿ-ն։
Գիտաժողովի Լիագումար նիստում բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԱԳՆ-ի Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի վարչության պետ Սուրեն Բաղդասարյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման, Արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, «Ճապոնիա-Հայաստան բարեկամական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ, Ճապոնիայում «Արաքս» և «Արարատ» թերթերի հիմնադիր խմբագիր Հիդեհարու Նակաձիման, գիտաժողովի համակազմակերպիչ «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն ՀԿ-ի նախագահ Աննա Վարդանյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ճապոնիայում՝ 2010-2012 թթ. ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության պատվավոր նախագահ Արսեն Առաքելյանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտքարտուղար Եվա Հարությունյանը:
Ողջույնի խոսքերից հետո ցուցադրվեց Հայաստան-Ճապոնիա հարաբերություններին նվիրված տեսաֆիլմ:
Լիագումար նիստի ավարտին շնորհակալագրեր շնորհվեցին հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում իրենց ավանդն ունեցած մի շարք գործիչների:
Գիտաժողովի գիտական մասը բաղկացած էր երկու նիստերից, որտեղ ելույթներով հանդես եկան Հայաստանի տարբեր գիտական և կրթական կենտրոններից հայ մասնագետներ, Ավստրալիայի և Ճապոնիայի ԲՈՒՀ-երից հայտնի գիտնականներ և հետազոտողներ:
Առաջին նիստում ելույթները վերաբերում էին հայասեր Էիչի Շիբուսավայի գործունեությանը, Ֆրանսիայում հայկական դպրոցների ստեղծման ու գոյատևման վերաբերյալ ճապոնացի գիտնականի սոցոլոգիական ուսումնասիրությանը, Հայաստանում և Ադրբեջանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գործունեության համեմատական վերլուծությանը, Հայաստանում Ճապոնիայի օրինակով երկրաշարժերի ապահովագրության համակարգի կատարելագործման հիմնախնդիրներին, արխիվային փաստաթղթերի հիման վրա ճապոնացի լրագրողների այցի լուսաբանմանը Կիրովաբադի «Օղակ» օպերացիայի ընթացքում:
Երկրորդ նիստում ելույթները վերաբերում էին կերպարվեստում հայ-ճապոնական կապերին, հայերենում և ճապոներենում լեզվամշակութային, լեզվաբանական նմանություններին ու առանձնահատկություններին, ինչպես նաև ներկայացվեց ճապոնական, բրիտանական և հայկական ասացվածքները՝ որպես մշակութային ինքնության արտացոլում:
Որպես գիտական արդյունք՝ գիտաժողովում ներկաներին նվիրվեց «Արևելաասիական ուսումնասիրություններ» ժողովածուի 5-րդ հատորը, որտեղ արդեն տպագրված էին գիտաժողովի ելույթները՝ գիտական հոդվածների տեսքով:
Գիտաժողովն ուներ նաև մշակութային բաղադրիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ցուցադրվեց վերջին 30 տարում հայ-ճապոնական հարաբերություններին, Ճապոնիային նվիրված գրքերը, ինչպես նաև «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված նյութերը:
Գիտաժողովի ներկայանալի կազմակերպումը հնարավոր դարձավ իրականացնել «HI-AM» բարեգործական միության, ի դեմս՝ բարերար Նշան Աճեմյանի և նրա ընտանիքի անդամների ֆինանսական աջակցության տրամադրման շնորհիվ, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը:
Գիտաժողովը մեկ անգամ ևս վերաարժևորեց և վերաիմաստավորեց հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև գիտական, դիվանագիտական և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|