|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ... |
|
|
|
Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հերթական կլոր սեղանի քննարկումը, որը նվիրված էր սիրիական զարգացումներին: Զեկուցումներով հանդես եկան Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատողներ պ.գ.թ. Արաքս Փաշայանը, պ.գ.թ. Գոռ Գևորգյանը և Արարատ Կոստանյանը: Քննարկումը վարում էր ԱԻ տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով և քննարկվող թեմայի վերաբերյալ ներկայացրեց մի շարք դիտարկումներ:
Արաքս Փաշայանի զեկուցումը նվիրված էր Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծմանը, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի քաղաքականության վերլուծությանը: Ա. Փաշայանը նշեց, որ ԴԱԵՇ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) պարտությամբ Սիրիայում իրավիճակը կարծես թե մոտենում է հանգուցալուծմանը: Նոյեմբերի 11-ին սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Բուքամել բնակավայրի ազատագրումը ԴԱԵՇ-ից հանգուցային նշանակություն ուներ, քանի որ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող 2 դաշինքների միջև մրցակցություն էր ընթանում, թե ով առաջինն արդյունքի կհասնի: Այժմ Սիրիայի տարածքի մոտ 90%-ը կառավարական ուժերի վերահսկողության տակ է:
Փաշայանի կարծիքով՝ Սոչիում նոյեմբերի կեսերին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովն արձանագրեց, որ այդ երեք երկրները կարողացան գտնել Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման բանալին: Ռուսաստանը կարողացավ պահպանել ներկայությունը տարածաշրջանում, Թուրքիան ևս հաջողությունների հասավ՝ ամրապնդվելով Սիրիայի տարածքում և հակազդելով քրդական ինքնավարության ստեղծմանը, ինչպես նաև նավթը դուրս բերելով սև շուկա: Տարածաշրջանում իր դիրքերն ուժեղացրեց նաև Իրանը: Ա. Փաշայանը նշեց, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի մասին, որը լուրջ հաջողություններ արձանագրեց:
Սիրիական հակամարտության համատեքստում Փաշայանը խոսեց նաև իրանա-սաուդական մրցակցության մասին:
Ամփոփելով՝ նա նշեց, որ այս պատերազմում հաղթեց Սիրիայի կառավարությունը, պարտվեց սիրիացի ժողովուրդը: Սիրիան անցավ այն երկրների վերահսկողության տակ, որոնք կարողացան լուծում գտնել:
Գոռ Գևորգյանի ելույթը նվիրված էր տարածաշրջանում ուժերի նոր հարաբերությունների ձևավորմանը և դրանում Եգիպտոսի դերին: Եգիպտոսը, չնայած վերջին տարիների ճգնաժամին, շարունակում է պահպանել իր առաջատար դիրքն արաբական աշխարհում: Նա ընդգծեց Թեհրան-Կահիրե շփումների կարևորությունը սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում: Սիրիական հակամարտությունում Եգիպտոսի դիրքորոշումը, Գ. Գևորգյանի խոսքով, համընկնում է Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումների հետ:
Գոռ Գևորգյանը նշեց, որ Մերձավոր Արևելքում նոր դիմանկար է ձևավորվում՝ հին խաղացողներով ու նոր մարտահրավերներով: Նա առանձնացրեց մի շարք կետեր՝ մասնավորապես, Եգիպտոսի վերածնունդը, նորացված Թուրքիան, որը կարողացավ օգտվել իրավիճակից և առաջ տանել նեոսօմանական օրակարգը, Իրանն ընդլայնեց ծավալապաշտպական քաղաքականությունը:
Արարատ Կոստանյանը խոսեց ալ-Նուսրա ճակատի մասին, որը շարունակում է պահպանել վերահսկողությունն Իդլիբի շրջանում: Կոստանյանն ընդգծեց Դեյր էզ-Զորի ազատագրումը, քանի որ սիրիական նավթի պաշարների 40%-ն այնտեղ է գտնվում: Նրա կարծիքով՝ ԴԱԵՇ-ի պարտությամբ Սիրիայում պատերազմը չի ավարտվում, քանի որ դեռևս ուժեղ դիրքեր ունեն Նուսրա ճակատը և քրդական ուժերը, որոնք վերահսկում են երկրի հյուսիսային շրջանների մեծ մասը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|