|
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա
Արևելագիտության ինստիտուտ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971թ., դեռևս, 1958 թ. ստեղծված արևելագիտական սեկտորի հիմքի վրա: Հայաստանում արևելագիտական կենտրոնի ստեղծման գործում մեծ են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Գ. Ներսիսյանի, պրոֆ. Հ.Գ. Ինճիկյանի (սեկտորի ղեկավար 1958-1971թթ.), ինստիտուտի առաջին տնօրեն (1971-1994թթ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ.Խ. Սարգսյանի, 1995-2006թթ. տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն.Հ. Հովհաննիսյանի ծառայությունները: 2006-2020 թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն էր պրոֆեսոր Ռ.Ա. Սաֆրաստյանը, իսկ 2020 թ. դեկտեմբերից՝ պ.գ.թ., դոցենտ Ռ. Ղազարյանը:
Արևելագիտության ինստիտուտը ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները և այլն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Աշխարհագրական առումով նման ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր և Միջին Արևելքը և Կովկասը Հայաստանի անմիջական հարևան տարածաշրջանն է, Հայաստանի հին և նոր պատմությունը սերտորեն միահյուսված է ասորեստանցիների, բաբելոնցիների, խեթերի, պարսիկների, բյուզանդացիների, վրացիների, աղվանների, արաբների, քրդերի, թուրքերի և այլ ժողովուրդների պատմությանը: Բացի այդ, արաբական երկրներում, Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Հյուսիսային Կովկասում գոյություն ունեն հայ համայնքներ:
Ինստիտուտն ունի հետևյալ հետազոտական բաժինները` Հին Արևելքի, Քրիստոնյա Արևելքի, Արաբական երկրների, Թուրքիայի, Իրանի, Արևելյան Ասիայի երկրների և Քրդագիտական ուսումնասիրությունների խումբը:
Հին Արևելքի բաժնում ուսումնասիրում են Միջագետքի, Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի պետութունների պատմությունը, էթնիկական, սոցիալ-տնտեսական, լեզվա-մշակութային, ինչպես նաև հելլենիզմի հարցերը:
Քրիստոնյա Արևելքի բաժնի ուշադրության կենտրոնում է արևելյան քրիստոնյա համայնքների, Վրաստանի միջնադարյան և նոր պատմության, հայ-վրացական և հայ-բյուզանդական հարաբերությունների, Աղվանքի պատմության, կովկասյան էթնոմշակութային աշխարհի, ինչպես նաև արևելյան եկեղեցիների և միջեկեղեցական հարաբերությունների զանազան հարցերի ուսումնասիրությունը:
Արաբական երկրների բաժնում հետազոտվում են Արաբական Արևելքի երկրների (Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Լիբանան և այլն) միջնադարյան, նոր և նորագույն պատմության, ազգային–ազատագրական շարժումների, գաղութային տիրապետության վերացման և արաբական երկրների անկախության նվաճման, միջազգային և միջարաբական հարաբերությունների, իսլամի և գաղափարախոսության տարատեսակ պրոբլեմներ:
Թուրքիայի բաժնում ուսումնասիրվում են Օսմանյան կայսրության և Թուրքիայի քաղաքական պատմությունը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավական վիճակը, Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը, Մեծ տերությունների քաղաքականությունը, ժամանակակից Թուրքիայի զարգացման առանձնահատկությունները, օսմանիզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի հարցերը:
Իրանի բաժնում` պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, ագրարային հարաբերությունների և իսլամական հեղափոխության արդիական խնդիրների հետ միասին, մշակվում են նաև պարսկական դասական և ժամանակակից գրականության տարաբնույթ հարցեր:
Արևելյան Ասիայի երկրների բաժնում ուսումնասիրվում են Չինաստանի, Ճապոնիայի արդի պատմության խնդիրները, արտաքին քաղաքական միտումները, այդ երկրների տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում, ինչպես նաև նշյալ երկրների վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Քրդագիտական ուսումնասիրությունների խմբի թեմատիկայում մեծ տեղ է գրավում բանասիրության` լեզվի, գրականության և բանահյուսության ուսումնասիրությունը: Զուգահեռաբար հետազոտվում են քուրդ ժողովրդի պատմության հարցերը, մասնավորապես քրդերը Հայաստանում և նրանց հոգևոր-մշակութային զարթոնքը, հայ-քրդական հարաբերությունները, ինչպես նաև քրդական խնդիրն այսօր (Իրաք, Թուրքիա, Իրան):
Վերոհիշյալ խնդիրների հետ միասին ինստիտուտում աշխատանք է կատարվում արևելյան աղբյուրների ուսումնասիրության ուղղությամբ, մասնավորապես, արաբական, թուրքական, պարսկական և վրացական աղբյուրները հայերի և Հայաստանի մասին և հայկական աղբյուրները արևելյան ժողովուրդների մասին: Ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում որոշակի տեղ ունի նաև մերձավորարևելյան երկրների և Կովկասի հայ համայնքների պատմության և սոցիալ-տնտեսական վիճակի, այդ երկրներում նրանց քաղաքական և տնտեսական դերի, ինչպես նաև հարևան երկրների հետ հայ ժողովրդի պատմա-մշակութային դարավոր հարաբերությունների լուսաբանությունը: Նշված ուղղությունների գծով Արևելագիտության ինստիտուտի գիտնականները հրատարակել են բազմաթիվ մենագրական ուսումնասիրություններ, ժողովածուներ և հոդվածներ: Դրանց զգալի մասը, հայերենից բացի, հրատարակվել է ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն և այլ լեզուներով` Ռուսաստանում, Իրաքում, Քուվեյթում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:
Ինստիտուտի հրատարակությունների ցանկում են` «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Մերձավոր Արևելք», «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», «Արամազդ» ( ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ), «Արևելաասիական ուսումնասիրություններ» «Կովկաս և Բյուզանդիա», «Հին Արևելք» , «Արևելյան աղբյուրագիտություն» մատենաշարերը:
Իստիտուտը պատրաստում է գիտական կադրեր ասպիրանտուրայի և մագիստրատուրայի միջոցով:
Ինստիտուտում գործում է դոկտորի գիտական աստիճան շնորհող գիտական խորհուրդ` համաշխարհային պատմություն, աղբյուրագիտություն և պատմագրություն մասնագիտությունների գծով:
Ինստիտուտում աշխատում են բարձրորակ մասնագետներ, որոնց ճնշող մեծամասնությունն ունի գիտական աստիճան:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը գիտական լայն կապեր ունի արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր գիտական կենտրոնների հետ` մասնագետների, գրականության և ինֆորմացիայի փոխանակություն, դասախոսություններ, կադրերի պատրաստում, ատենախոսությունների պաշտպանություն և այլն:
Ինստիտուտը համագործակցել է և շարունակում է գիտական աշխատանք կատարել Ենայի, Տրիրի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Կոպենհագենի (Դանիա), Մերիլանդի (ԱՄՆ), Էկոլ դը Ֆրանս, Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանների, Դամասկոսի մերձավորարևելյան ֆրանսիական ինստիտուտի (Սիրիա), Չանդիգարհի ինստիտուտի, Դելիի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Հնդկաստան) և Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ:
Ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների (Ամստերդամ, Լեյդեն, Հայդելբերգ, Ֆրանկֆուրտ, Փարիզ, Լոնդոն, Նյու-Յորք, Բեռլին, Մյունստեր, Թեհրան, Բեյրութ, Բաղդադ, Կահիրե, Բերքլի, Լոս-Անջելես, Վաշինգտոն և այլն), այդ թվում և արևելագիտական համաշխարհային կոնգրեսներին (Մոսկվա, Փարիզ, Անկարա, Համբուրգ, Մոնրեալ և այլն): Ինստիտուտի նախաձեռնությամբ մի շարք գիտաժողովներ են հրավիրվել Երևանում, ինչպես «Էյրենե»-ի, արաբագետների համամիութենական 3-րդ (1969) և 4-րդ (1985), թուրքագիտական և Քրիստոնյա Արևելքին, Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին (2008) նվիրված կոնֆերանսներ և այլն:
Ինստիտուտում գործում է արևելագիտական մասնագիտացված գրադարան, որը պարունակում է շուրջ 60 հազար միավոր գրականություն` փաստաթղթերի ժողովածուներ, մենագրական ուսումնասիրություններ, հոդվածների ժողովածուներ, գիտական պարբերականներ, օրաթերթեր և այլն, հայերեն, ռուսերեն, վրացերեն, արաբերեն, թուրքերեն, օսմաներեն, պարսկերեն, եբրայերեն, քրդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
|
|
|
|