ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
«Հայ-արաբական փոխառնչություններ․ Հայոց ցեղասպանությունից ...
«Հայ-արաբական փոխառնչություններ․ Հայոց ցեղասպանությունից մինչև արդի մարտահրավերներ»


   2018 թ․ ապրիլի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Արևելագիտության ինստիտուտի և ալ-Ահրամ ռազմավարական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Կահիրե) համատեղ գիտաժողովը «Հայ-արաբական փոխառնչություններ․ Հայոց ցեղասպանությունից մինչև արդի մարտահրավերներ» խորագրով։ Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, ՀՀ-ում հավատարմագրված արաբական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, լրագրողներ, Սփյուռքի ներկայացուցիչներ։
   Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա մասնավորապես նշեց․ «Միջազգային այս գիտաժողովը շատ կարևոր խնդիր է իրագործում՝ մեկ անգամ ևս լուրջ քննարկման ենթարկել հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը, որոնք սկիզբ են առել դեռ հնագույն ժամանակներից: Հայ-արաբական համագործակցությունն ունի նաև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն: Այս գիտաժողովը շատ կարևոր քայլ կլինի նաև Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները գիտական և այլ ոլորտներում էլ ավելի խորացնելու ուղղությամբ»։
ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանի կարծիքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս գիտական հենքի վրա հասկանալ մեր հարևանությամբ տեղի ունեցող այն իրադարձությունները, որոնք ազդում են նաև Հայաստանի վրա: Ա․Պապիկյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունը, նշեց Հայաստանի նախաձեռնությունները ուղղված տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը, աջակցությունը անվտանգության և փախստականների խնդրին։
   Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի դեսպան Թարեք Մաաթին կարևորեց Հայաստանում Արևելագիտության ինստիտուտի գոյությունը հայերի և արաբների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում: «Արաբների և հայերի պատմական հարաբերությունները փոխադարձ շահի վրա են հիմնված: Ուզում եմ նշել, որ տասնյակ տարիների ընթացքում կարողացանք համագործակցության կամուրջներ կառուցել: Մասնավորապես Եգիպտոսում մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական համայնքը ևս Եգիպտոսում շատ մեծ դեր է ունեցել և ունի: Ունենք հայ քաղաքագետներ, արվեստագետներ, տնտեսագետներ, գործարարներ և այլն»,- նշեց նա:
   Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը հայ-արաբական հարաբերությունները զարգացնելու և միմյանց ճանաչելու հարցում կարևորեց մեդիա դաշտի նշանակությունը։ Նա նշեց, որ վերջին տարիներին Եգիպտոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր են տպագրվել, գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր են նկարահանվել։ Հայաստան են այցելել բազմաթիվ եգիպտացի լրագրողներ, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, պաշտոնատարներ, ինչը կարևոր է երկկողմ համագործացության համար։ Ա․Մազլումյանը հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հարցում կարևորեց եգիպտահայ համայնքի դերը։ Ի դեպ, նշված գիտաժողովի կայացմանը նույնպես օժանդակել էր Եգիպտոսի հայ համայնքը և Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։
   Եգիպտական կողմից գիտաժողովին մասնակցում էին ալ-Ահրամ կենտրոնի քաղաքական հետազոտությունների բաժնի փորձագետ, նաև՝ ալ-Ահրամի «Ժողովրդավարություն» ամսագրի խմբագիր Ատեֆ Սաադավին, ինչպես նաև ալ-Ահրամի թուրքական հետազոտությունների ծրագրի փորձագետ, նույնանուն ամսագրի գիտական քարտուղար Քարամ Սայիդը: Նրանց զեկուցումները վերաբերում էին Եգիպտոսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Եգիպտոսի հայ համայնքին, համայնքի մասին եգիպտական հասարակության ու պետության մոտեցումներին, Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների զարգացմանն ու հեռանկարին։ Եգիպտացի հետազոտողները նշեցին, որ Եգիպտոսում ոչ պաշտոնապես Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչվել է։ Նշվեց, որ վերջին շրջանում Եգիպտոսի խորհրդարարում Հայոց ցեղասպանության մասին լսումներ են անցկացվել, նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, դատապարտել հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության քաղաքականությունը։ Բաց այդ, Եգիպտոսում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, գեղարվեստական աշխատանքներ են ստեղծվել, պատմագիտական և իրավագիտական ոլորտներում հետազոտություններ են կատարվել Հայոց ցեղասպանության թեմայով։ Ընդհանրապես, Օսմանյան կայսրության շրջանում իրականացված Հայոց ցեղասպանության դատապարտումը Եգիպտոսում ժողովրդական դիվանագիտության օրակարգում է և կարող է աջակցել օրենսդրական նախաձեռնություններին։ Բացի այդ, ինչպես նշվեց, Եգիպտոսում մեծ թվով՝ մինչև 5000-ի հասնող արխիվային նյութեր ու փաստաթղթեր կան, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության վավերականությունը և կարող են օգտակար լինել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և միջազգային ճանաչման հարցում։ Դրանցում կան նաև Օսմանյան շրջանի պետական տարբեր պաշտոնյանների ու գործիչների, ինչպես նաև Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների վկայությունները Օսմանյան կայսրության մեջ հայկական ջարդերի մասին։ Բազմաթիվ տեղեկություններ կան նաև զանգվածային գերեզմանների մասին։ Եգիպտացի հետազոտողները նշեցին, որ Եգիպտոսում Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացին կարող է էականորեն օգնել Եգիպտոս-Հայաստան երկկողմ հարաբերությունների էլ ավելի սերտացումը ամենատարբեր ոլորտներում։
   Արևելագիտության ինստիտուտի կողմից ելույթ ունեցան արաբագետ, պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը (զեկուցման թեման՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը»), թուրքագետ, պ․գ․թ․ Անուշ Հովհաննսիյանը (զեկուցման թեման՝ «Աֆրինի գրավումը Թուրքիայի արտաքին և ներքաղաքական ընդգրկումներում»), արաբագետ, պ․գ․թ․, Արամ Գասպարյանը (զեկուցման թեման՝ «Երիտթուրքերի ազգայնական քաղաքականությունը արաբական վիլայեթներում առաջին աշխարհամարտի սկզբին»), արաբագետ Արարատ Կոստանյանը (զեկուցման թեման՝ «Սիրիայի հայ համայնքը․արդի մարտահրավերներ»), արաբագետ, պ․գ․թ․, Ն․ Մարգարյանը՝ ՀՑԹԻ-ից (զեկուցման թեման՝ «Հայ գաղթականների վրանաքաղաքները Պորտ Սաիդում Հայոց ցեղասպանության տարիներին») և արաբագետ Ն․Երանոսյանը՝ ՊԻ-ից (զեկուցման թեման՝ «Հայկական հարցը եգիպտական ալ-Ահրամ թերթում (19-դարի վերջ- 20-րդ դարի սկիզբ»)։
   Հայաստանցի հետազոտողները նշեցին, որ հայ-արաբական փոխառնչությունների պատմությունը ձևավորվել է իսլամի ի հայտ գալուց հետո։ Հայերը եղել են Մերձավոր Արևելքի խճանկարի կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Հայերը մոտ երկու դար մաս են կազմել Արաբական խալիֆայությանը։ Օսմանյան կայսրության շրջանում հայերն ու արաբները ենթակա են եղել Օսմանյան ազգային խտրականության քաղաքականությանը։ 19-րդ դարի վերջին արաբական մամուլը, ինչպես օրինակ եգիպտական «ալ-Ահրամ» թերթը, անդրադարձել է Օսմանյան կայսրության մեջ հայերի ջարդերին։ 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից հետո արաբական երկրներն ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերին։ Ասվածի ապացույցը Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում հայ գաղթականների վրանաքաղաքն էր, որտեղ հիմնականում տեղավորվել էին մուսալեռցիներ։ Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին արաբական մի շարք երկրներում սկսվեց հայ համայնքների ձևավորման և ինստիտուցիոնալացման գործընթացը։ Հայերը արաբական երկրներում դիտարկվեցին որպես կրոնա-դավանական փոքրամասնություններ։ Նրանց շնորհվեցին ազգային կյանքով ապրելու, սեփական լեզուն, ինչպես նաև կրոնը ուսանելու և դավանելու հնարավորություններ։ Հայերը դիտարկվեցին որպես արաբական երկրների օրինապահ քաղաքացիներ և մեծապես գնահատվեցին թե՛ հասարակությունների և թե՛ իշխանությունների կողմից։ Հայերն իրենց ներդրումն ունեցան արաբական երկրների մշակութային, առողջապահական, կրթական, ռազմական, քաղաքական, արհեստագործական և այլ ոլորտներում։ Արաբական երկրներում ժամանակի ընթացքում ճանաչում ձեռք բերեց նաև հայկական մշակույթը։ 1991 թ․ անկախությունից հետո Հայաստանը արաբական մի շարք երկրների հետ դիվանագիտական կապեր հաստատեց և երկկողմ հարաբերություններ զարգացրեց (Սիրիա, Եգիպտոս, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Իրաք, Հորդանան և այլն)։ Հայ-արաբական հարաբերությունների զարգացման հարցում կարևոր դեր ունեցան արաբական երկրների հայ համայնքները։ Հայաստանի Հանրապետությունը արաբական աշխարհի հետ քաղաքական խնդիրներ չունի։ Այն բացառիկ պետություններից է, որ ներկայացուցչություն ունի Արաբական պետությունների լիգայում։ Հայաստանը հավասարակշռված դիրքորոշում ունի մերձավորարևելյան մի շարք խնդիրների և հակամարտությունների նկատմամբ։ Հայաստանը և արաբական երկրները Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն են և ենթակա են այն նույն մարտահրավերներին, որոնց բախվել է տարածաշրջանը։ Այս տեսանկյունից, խոսք գնաց Մերձավոր Արևելքի արդի զարգացումներում Թուրքիայի ոչ շահեկան քաղաքականության և հարևան պետությունների, ինչպես օրինակ՝ Սիրիայի, ներքին գործերին միջամտելու քաղաքականության հետ։ Ընդհանրություններ անցկացվեցին Հայոց ցեղասպանության օսմանյան ծրագրի և սիրիական Աֆրինում թուրքական բանակի գործողությունների մեջ։
   Նշվեց, որ հայ-արաբական հարաբերությունների ներկա մակարդակը այդքան էլ գոհացուցիչ չէ։ Հայաստանը կարիք ունի ավելի սերտացնել համագործակցությունը արաբական աշխարհի տարբեր շրջանակների հետ՝ խորհրդարանական, քաղաքական, գիտական, գործարար, մշակութային, տեղեկատվական, հասարակական, զբոսաշրջային և այլն։ Նշվեց նաև, որ հայ-արաբական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն։ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա արաբական աշխարհի նկատմամբ, արաբագիտությունը զարգացած ակադեմիական ուղղություն է։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում գործում է արաբական երկրների բաժին, իսկ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում գա արաբագիտության ամբիոն։ Ցանկալի կլինի, որ արաբական երկրներում նույնպես Հայաստանի մասին պատկերացումներն ընդլայնվեն։ Թե՛ եգիպտացի, թե՛ հայ հետազոտողները կարևորեցին նմանատիպ գիտաժողովների անցկացումը՝ որպես լավագույն միջոց արաբական երկրների և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հարցում։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)