|
|
|
|
|
|
|
|
Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի.... |
|
|
|
Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան պարոն Մուհամմեդ Հաջ Իբրահիմին և մի խումբ սիրիացի պատգամավորների, որոնք Երևանում մասնակցում էին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նիստին: Պատվիրակության կազմում էին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր դոկտոր Նորա Արիսյանը, որն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, դոկտոր Աշվակ Աբբասը, պարոնայք Մահիր Խայաթան և Ջալալ Դարվիշը: Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Պատվիրակությունը հյուրընկալվեց նախ Արևելագիտության ինստիտուտի արաբական բաժնում, ապա հյուրերին ընդունեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:
Հանդիպման ընթացքում Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն առանձնացրեց հայ-արաբական առնչությունների մի քանի կարևոր դրվագներ, ընդգծելով, որ հայ-արաբական կապերն ունեն դարերի պատմություն: Ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց, որ Սիրիան համարվում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր բարեկամ պետություներից մեկը և ուրախ է, որ առիթ ունի սիրիացի բարեկամներին ընդունել Արևելագիտության ինստիտուտում: Նա նշեց, որ մեզանում արաբագիտական, մասնավորապես Սիրիային առնչվող հետազոտություններն ունեն ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական կարևորությունը և, Արևելագիտության ինստիտուտը պատրաստ է այսուհետ ևս նպաստել հայ-սիրիական գիտական կապերի էլ ավելի զարգացմանն ու ընդլայնմանը:
ՀՀ-ում Սիրիայի դեսպանը շեշտեց, որ իր երկիրը ևս պատրաստակամ է Հայաստան-Սիրիա գիտակրթական և մշակթային կապերի ընդլայնման հարցում և շնորհակալություն հայտնեց Արևելագիտության ինստիտուտին սիրիական պատվիրակությանը հյուրընկալվելու համար:
Պատվիրակության կազմում ընդգրկված դոկտոր Աշվակ Աբբասն ընգծեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն արաբական աշխարհում, այդ թվում նաև Սիրիայում ունի բարձր հեղինակություն և համարվում է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտից հետո երկրորդը հետխորհրդային երկրների արևելագիտական հաստատությունների շարքում: Նա խոսեց հայ արաբագետների և Դամասկոսի ու Հալեպի համալսարանների մասնագետների միջև սերտ համագործակցության ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու կարևորության մասին: Մասնավորապես ընդգծվեց ցեղասպանագիտության ոլորտում երկու երկրների մասնագետների համագործակցության անհրաժեշտությունը:
Պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն ավելացրեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը պատրաստակամ է հնարավոր միջոցներով խթանել այդ համագործակցությանն ու հարթակ դառնալ հայ և սիրիացի մասնագետների համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար:
Պատվիրակության ամդամներն ընդգծեցին նաև Սիրիայի հայ համայնքի կարևոր դերը Սիրիայի սոցիալ-տնտեսական կյանքում և հույս հայտնեցին, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանում հաստատված սիրիահայերը, ցանկության դեպքում, ազատորեն կարող են վերադառնալ Սիրիա:
Դոկտոր Նորա Արիսյանը խոսեցի Դամասկոսի համալսարանում Հայագիտական հետազոտությունների կենտրոնի առկայության մասին և ընդգծեց իր ներդրումն այդ կենտրոնի բացման գործում: Ցավոք քաղաքական ճգնաժամի պայմաններում այդ կենտորնը դեռևս չի կարող լիարժեք գործունեություն իրականացնել, սակայն նա հույս հայտնեց, որ Սիրիայում իրավիճակի կայունացման պայմաններում Դամասկոսի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը կարող է մեծապես նպաստել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Դամասկոսի համալսարանի միջև միջհամալսարանական համագործակցության և համատեղ գիտական ծրագրերի իրաականացման գործում: Վերջինս նաև ընդգծեց, որ մեծապես կարևորում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ իր վաղեմ գիտական համագործակցությունն ու գործընկերների հետ ջերմ անձնական շփումների պահպանումը:
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին հրավիրեց ակտիվորեն մասնակցել ինստիտուտի գիտական քննարկումներին և շեշտեց, որ դեսպանի անձնական տեսակետները կարող են մեծապես նպաստել մեր մասնագետների Սիրիայում ընթացող զարգացումների բազմակողմանի ընկալմանը:
Հանդիպման ավարտին տնօրենը հյուրերին նվիրեց նաև ինստիտուտի վերջին հրատարակությունները՝ մասնավորապես Նիկոլայ Հովհաննիսյանի «Արաբական երկրների պատմության» քառահատոր աշխատանքի արաբերեն թարգմանությունը, Սիրիայի տարբեր հիմնախնդիրներին վերաբերող վերջին հրատարակությունները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում հրատարակվող «Ժամանակակից Եվրասիա» միջազգային ամսագրի վերջին, այդ թվում նաև անգլերեն, համարները, որոնք փոխանցվել են Սիրիայի խորհրդարանի գրադարանին:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|