|
|
|
|
|
|
|
|
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Թուրքիայի արտաքին և... |
|
|
|
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Թուրքիայի արտաքին և անվտանգային քաղաքականության միտումները. արդի մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնագետներ և հետազոտողներ:
Զեկուցումներով հանդես եկան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Լևոն Հովսեփյանը և Անուշ Հովհաննիսյանը, գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը:
Ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը նշեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման շրջանում քաղաքացիական իշխանության ազդեցությունը բանակի նկատմամբ ուժեղացել է: Թուրքական բանակը քաղաքացիական իշխանության դեմ հակակշռող մեխանիզմներ է ունեցել նաև արտաքին քաղաքականությունում, սակայն այն արդեն չեզոքացվել է: Թուրքիայում ոչ միայն բանակի ինքնավարությունն է թուլացվել կամ չեզոքացվել, այլ նաև գերիշխող իսլամական գաղափարախոսությունը ներթափանցում է բանակի շարքեր: Էրդողանը փորձում է բանակը բերել իր քաղաքական ու գաղափարական ազդեցության դաշտ:
Թուրքագետ, քրդական հարցի մասնագետ Տաթևիկ Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի իշխանությունները փորձում են թուլացնել քրդական գործոնի ազդեցությունը թե երկրի ներսում, թե հարևան երկրներում: Մասնավորապես, Թուրքիայի իշխանությունները սահմանափակում են բոլոր քուրդ ազդեցիկ գործիչների գոծունեությունը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ ըստ տարածված կարծիքի՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտն Ադրբեջանի գործոնն է: «Սակայն ես այս տեսանկյունը դրել եմ հարցականի տակ, որովհետև ինքս էլ դեռ մտորում եմ և չունեմ վերջնական կարծիք», – նշել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան սահմանային հարցն օգտագործում է նաև Ադրբեջանի հետ սակարկությունների համար: Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի հետ երկխոսության համար այդ երկրի քաղաքական դաշտում չունենք գործընկեր:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց թուրքական աշխարհաքաղաքական մտքի ձևավորումն ու զարգացումը: Նրա խոսքերով՝ քեմալականների առաջին սերունդը Թուրքիան դիտարկում էր որպես թշնամիներով շրջապատված երկիր: 1989 թվականի հրապարակվեց առաջին թուրքական աշխարհաքաղաքական տեսությունը, որի հեղինակն էր Սուաթ Իլհանը: Ըստ այդ տեսության՝ Թուրքիան կենտրոնական տերություն է: Այս դրույթը հետագայում օգտագործվեց ավելի լայն տեսությունների համար: 1994 թվականին ներկայացվեց արդեն Թուրքիայի կենտրոնական դիրքի վրա հիմնված լինելու տեսությունը, որը ենթադրում է Թուրքիայի ազդեցության տարածում իր սահմաններից դուրս: Թուրքիայի ռազմավարական մտածելակերպի հիմքում ներկայում դրված է ումմայի՝ իսլամական համայնքի հայեցակարգը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|