ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Մարտի 26-ին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ աշխատաժողով...
Մարտի 26-ին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի և արաբական երկրների հարաբերություններին։

Ինստիտուտի Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանը ներկայացրեց 1991-2018 թվականին Հայաստանի և Սիրիայի հարաբերությունները, Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանն անդրադարձավ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների հարաբերություններին նույն ժամանակահատվածում։ Աշխատաժողովի առաջին հատվածը վարեց ԱԻ փոխտնօրեն Գոռ Մարգարյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով, իսկ երկրորդ մասը` քննարկվող թեմայի վերաբերյալ մի շարք հետազոտությունների հեղինակ, ինստիտուտի Արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը: Աշխատաժողովին ներկա էր Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը:

Գրիգոր Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Սիրիայի հարաբերությունների զարգացման փուլերին՝ քննության առնելով երկկողմ, շահերն ու հետաքրքրությունները, հարաբերությունների վրա ազդող առանցքային գործոնները, այդ հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները: Հայ-սիրիական հարաբերությունները 1991-2018 թվկաաններին զարգացել են որոշակի վայրիվերումներով, իսկ Թուրքիայի գործոնը նկատելի ազդեցություն է ունեցել քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա: Գ. Վարդանյանը խոսեց նաև Սիրիայում պատերազմի տարիներին Հայաստանի մարդասիրական առաքելության և սիրիական պատերազմի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին:

Մուշեղ Ղահրիյանը ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները Ծոցի արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Օմանի, Իրաքի հետ: Իր ելույթում հետազոտության հեղինակն անդրադարձավ Ծոցի երկրների՝ Մերձավոր Արևելք և հարևան տարածաշրջաններում աճող ազդեցությանը, Հայաստանի և այդ երկրների արտաքին քաղաքական ռազմավարություններին: Մ. Ղահրիյանը ներկայացրեց Հայաստանի և Ծոցի երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությունը, Ծոցի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածության դրդապատճառները, երկկողմ հարաբերություններում առկա միտումները:

Բանախոսները նշեցին, որ Հայաստանի ու արաբական երկրների հարաբերութունները զարգացման մեծ տեղ և ներուժ ունեն, որը շարունակում է մնալ չօգտագործված, կան բացեր և խնդիրներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ: Բանախոսները համակարծիք են նաև, որ Հայաստանի ու արաբական երկրների հարաբերություններն ազդվում են արտաքին գործոններից և որքան էլ այդ հարաբերությունները հիմնականում բարեկամական լինեն, շաղկապված են աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության հետ:

Բանախոսների ելույթներից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում, որոնք վերաբերում էին Հայաստանի ու արաբական երկրների հարաբերությունների տարբեր ոլորտների ու հարցերի: Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանն իր տեսակետը հայտնեց հայ-արաբական հարաբերություններում առկա խնդիրների ու հեռանկարի մասին, նշեց, որ դրանց հաջողությունը մեծապես կախված է հստակ օրակարգերի ձևավորումից։ Նա նշեց, որ հայ-արաբական հարաբերությունների հաջողությունը պայմանավորված է նաև ՀՀ ում տարբեր գերատեսչությունների շահեկան աշխատանքից, արաբական կողմերի հետ հետևողական աշխատանքից։ Բանախոսները նաև ներկայացրին հայ-արաբական հարաբերությունների զարգացման իրենց տեսլականը։

Տեղեկացնենք, որ հետազոտությունն իրականացվում է Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)