|
|
|
|
|
|
|
|
Ապրիլի 16-ին Արևելագիտության ինստիտուտում «Հայ-վրացական հարաբերությունները սոցիալ-տնտեսական ոլորտում... |
|
|
|
Ապրիլի 16-ին Արևելագիտության ինստիտուտում «Հայ-վրացական հարաբերությունները սոցիալ-տնտեսական ոլորտում (19-րդ դարի վերջ - 20- րդ դարի սկիզբ)» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելք բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ դոցենտ Բենիամին Մաիլյանը։
Բ․ Մաիլյանն իր ելույթում անդրադարձավ Վրաստանում հայազգի գործարար դասի ուրույն դերին։ Նշելով, որ XIX և XX դարերի շեմին հենց հայազգի գործարար դասի ակտիվ գործունեության շնորհիվ էր, որ Թիֆլիսը դարձավ կովկասյան տարածաշրջանի արդյունաբերական կենտրոններից մեկը։ Շեշտվեց նաև, որ Թիֆլիսը եղել է արևելահայության հասարական կյանքի կարևոր կենտրոններից մեկը: Նա նշեց, որ դեռևս 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին Ռուսաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ լուրջ տեղաշարժեր էին տեղի ունենում ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտում, այլև միջէթնիկ հարաբերություններում։ Ավատատիրական կարգերի գերակայության շրջանում վրաց ազնվականության դիրքերն Այսրկովկասում բավական ամուր էին, սակայն կապիտալիզմի զարգացման արդյունքում դրանք սկսեցին խարխլվել։ Իսկ հայերի համար նոր պայմանները բավական նպաստավոր էին։ Ի տարբերություն վրացիների, հայերին հաջողվեց արագ ներգրավվել զարգացող առևտրաարդյունաբերական հարաբերություններում։ Հայ քաղքենի խավը շատ արագ աճեց ու հզորացավ՝ ձևավորելով բուրժուական դասակարգ, և անգամ հայերին հաջողվել էր նաև որոշակի բարձր դիրք գրավել Թիֆլիսի քաղաքային կառավարման համակարգում։ Այդ շրջանում վրաց ազնվականության ազգայնական հատվածը սկսեց ամեն առիթ օգտագործել՝ հասարակության շրջանում հակահայկական տրամադրություններ տարածելու նպատակով։ Այսօրվա իրողությունների հետ զուգահեռներ անցկացնելով՝ նշենք, որ ներկայիս հակահայկական տրամադրությունները վրացական միջավայրում նույնպես խորքային պատճառներ չունեն, սակայն անցյալում ձևավորված ավանդույթը, երբ հայերին դիտում էին որպես սոցիալ-տնտեսական մրցակից, պահպանվում են մինչ օրս։ Անցած դարի սկզբին վրաց ազնվականության տնտեսությունների բնական քայքայումը կապվում էր հայկական կապիտալի հզորացման հետ, սակայն այդ երևույթն ընդամենը կապիտալիզմի զարգացման տրամաբանությանն ու կանոններին համահունչ գործընթաց էր։ Այս խնդիրները ոչ միայն չեն գտել իրենց հայեցակարգային լուծումները, այլև շարունակում են մնալ գրեթե չլուսաբանված պատմագիտության մեջ: Չեն համադրվել ու քննվել 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին Թիֆլիսումև ողջ Վրաստանում խնդրո առարկա դարձած ու առաջ եկած մի շարք սոցիալական, տնտեսական, իրավական և այլ կարևոր հիմնահարցեր, որոնք դեռ սպասում են իրենց ուսումնասիրողին:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|