|
|
|
|
|
|
|
|
ՀԱՐԳԱՆԳԻ ՏՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ (1950-2021) |
|
|
|
ՀԱՐԳԱՆԳԻ ՏՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ (1950-2021)
ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՒ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայաստանի պատմագրությունը ցավալի կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացավ ԵՊՀ «Հայաստանի և հարակից երկրների պատմության» ամբիոնի վարիչ, հայագետ, վրացագետ, միջնադարագետ, պ.գ.դ., պրոֆ․ Հայրապետ Գևորգի Մարգարյանը:
Հայրապետ Մարգարյանը ծնվել է 1950 թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Այգավան գյուղում, և սկզբնական կրթությունը ստացել է այդ բնակավայրի միջնակարգ դպրոցում: 1967 թ. ընդունվել և 1975 թ. ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի hնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության ամբիոնը՝ պրոֆեսորներ Աշոտ Աբրահամյանի և Պ. Մուրադյանի ղեկավարությամբ: Համալսարանական կրթության ընթացքում նա ձեռք է բերել միջնադարագետ պատմաբանի և աղբյուրագետի որակավորում: Համալսարանն ավարտելուց հետո, անմիջապես ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպերանտուրա, Շխատասիրությամբ և գիտելիքներով շահելով ակադ․ Գագիկ Սարգսյանի վստահությունը: 1973-1975 թթ. սովորել Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ասպերանտուրայում. կովկասագետ ակադ. Ակակի Շանիձեի և վրացագետ պրոֆ․ Իվանե Իմնաիշվիլու ղեկավարությամբ, մասնագիտացել է վրացագիտության, Այսրկովկասի պատմության, հին վրացական աղբյուրագիտության ու պատմագրության բնագավառում: Այս համագործակցությունը վրաց գիտական աշխարհի հետ նա կարողացավ շարունակել մինչև իր իմասատլից կյանքի վերջը: 1973-1996 թթ. Հ․ Մարգարյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Կովկաս և Բյուզանդիա» (այսօր՝ Քրիստոնյա Արևելք) բաժնում: 1979 թ. պաշտպանել է «Հյուսիսային Հայաստանը և Վրաստանը ԺԲ դարի 20-70-ական թթ.» թեմայով ատենախոսություն, որը 1980 թ. հրապարակվել է մենագրության տեսքով: Հ. Մարգարյանը 1996 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ռազմաքաղաքական տեղաշարժերը Մերձավոր Արևելքում և հայ ավատատիրական ավագանին (ԺԲ դ.ից – ԺԴ դարի առաջին կես)» թեմայով, որը, ցավոք, ցայսօր անտիպ է մնացել: Բարեբախտաբար, այս աշախատության մեջ ընդգրկված բազմաթիվ նյութեր անցած տարիների ընթացքում հրապարակվել են տեղական և արտասահմանյան գիտական մամուլում, հիմք հանդիսանալով գիտական բազմաթիվ նորարարությունների:
Հ. Մարգարյանը 1982 թ. աշխատել է ՀՊ Մանկավարժական Համալսարանում, ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում, կենտրոնանալով դասախոսական աշխատանքի վրա, դասավանդել է Հայոց պատմություն, Աղբյուրագիտություն, Կովկասագիտություն, և Միջնադարյան Եվրոպայի պատմություն: Ուսանողներին հասցեագրված մեծատաղանդ պրոֆեսորի խոսքը կենդանի էր և չափազանց ուսուցողական։ Նրա անտիպ դասախոսությունները հայագիտության և կովկասագիտության համար ունեն ուրույն նշանակություն։ 1989 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2003 թ. պրոֆեսորի կոչում: 2003-2007 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ 2007 թ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչն էր: Նա ընդգրկված էր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական խորհրդի աստիճաններ շնորհող ԲՕՀ-ի մասնագիտական խորհրդի կազմում: Ղեկավարէլ է մեկ տասնյակից ավելի ատենախոսություն, որոնց հեղինակները մասնագիտացել են կովկասագիտության զանազան խնդիրների շուրջ: Նրա սաներից շատերն այսօր աշխատում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական և գիտաուսումնական հաստատություններում։ Դասախոսություններով և զեկուցումներով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի, Փարիզի Սորբոնի համալսարանի, Լոս Անջելեսի համալսարանի, Վատիկանի, Վենետիկի, Բուդապեշտի և Արցախի համալսարանների ու գիտական հիմնարկների կազմակերպած բազմաթիվ գիտաժողովներում, իմացությամբ ու սրամտությամբ զարմացնելով ունկնդիրների: Իր խորհրդատվություններով ու դասախոսություններով սատարել է Հայոց եկեղեցու Թբիլիսիում հաստատված թեմին, նյութեր տրամադրելով Վրաստանի ճարտարապետության և պատմության վիճարկելի որոշ խնդիրների վերաբերյալ: Գիտական հոդվածներ է հրապարակել Հայաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում և Արցախում հրատարակվող գիտական հանդեսներում: Նրա հետ պատմական հարցեր քննարկելու հնարավորություն են ունեցել ոչ միայն գիտության բնագավառում հայտնի նրա ընկերները, այլև աշխարհի տարբեր երկրների ճանաչված գիտնականներ և համալսարանական պրոֆեսորներ, ինչպիսիք են Ժերար Դեդեյանը, Կլոդ Մութաֆյանը, Վալենտին Կալցոլարին, Իզաբել Օժեն, Բեռնար Ուտիեն, Զազա Ալեքսիձեն և ուրիշներ։ Իր քննարկումներում նա ազնիվ էր, կարողանում էր ստիպել զրուցակցին մխրճվել քննարկվող խնդրի բուն էության մեջ։ Նուրբ հումորն ու մտքի սրությունը նրա վարած զրույցների կարևոր ուղեկիցներից էին։
1990-ական թթ. Հ. Մարգարյանը ակտիվորեն մասնակցել է նորաստեղծ Հայաստանի հանրապետության դպրոցական և բուհական նոր դասագրքերի ստեղծմանը։ Նա «Հայոց պատմություն» 5-րդ և 6-րդ դասարանների գործող դասագրքերի հիմնական հեղինակներից է ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանի, Բաբկեն Հարությունյանի և իր մտերիմ ընկեր՝ պրոֆ․ Պավել Չոբանյանի հետ: Համահեղինակ է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ստեղծած «Հայաստանի հարակից երկրների պատմություն» և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ստեղծած «Հայոց պատմություն» ու ԵՊՀ-ի ստեղծած «Հայոց պատմության հիմնահարցեր» բազմահատորյակների, իր ներդրումն ունենալով ակադեմիական հայագիտության և կովկասագիտության զարգացման բնագավառում:
Հայրապետ Մարգարյանը հեղինակն է «Հյուսիսային Հայաստանի և Վրաստանի ԺԲ դարի պատմության մի քանի հարցեր, Երևան 1980» աշխատության, որը նոր դարագլուխ բացեց հայ-վրացական քաղաքական փոխհարաբերությունների հետազոտման բնագավառում: Նրան է պարտական հայագիտությունը և վրացագիտությունը միջնադարյան Այսրկովկասի ԺԲ դարի պատմության բազմաթիվ խրթին խնդիրների վերլուծության և բազմակողմանի քննարկման համար: Հ. Մարգարյանի դեռևս չհրապարակված «Ռազմաքաղաքական տեղաշարժերը Մերձավոր Արևելքում և հայ ավատատիրական ավագանին (ԺԲ դ.ից – ԺԴ դարի առաջին կես)» դոկտորական աշխատանքը նոր մայրուղիներ բացեց Զարգացած ավատիրության դարաշրջանի Առաջավոր Ասիայի պատմության բազմաթիվ խնդիրների հետևողական հետազոտության բնագավառում: Նրա հետաքրքրությունների ոլորտում են եղել միջնադարյան Հայաստանի և Վրաստանի պատմությունն ու պատմագրությունը, էթնո-ազգային ինքնագիտության, եկեղեցական և սոցիալական կյանքի խնդիրները, հիշատակված երկրների ողջ միջնադարյան մատենագրությունն ու վիմագրությունը։
Նրա ձեռքերումներից է « Զաքարյանների ծագման ավանդությունը» (ՊԲՀ, 1992, 1994) հոդվածաշարը, ինչպես նաև գրեթե 30 տարի առաջ գրված «Վաչուտյանների իշխանական տան պատմությունը», Պռոշյանների, Օրբելյանների իշխանական տների պատմությանը վերաբերող հոդվածները: Լեզուների և պատմագրական նյութի նրա նուրբ իմացությունը թույլ է տվել հեղինակին գիտության բնագավառում կատարել բազմաթիվ կռահումներ և սկզբնաղբյուրներով ապացուցել Հայաստանի և Կովկասի պատմության շատ ու շատ բաց խնդիրներ։ Հանգուցյալ մեր ընկերը 50 տարի առաջ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում հրատարակվող «Кавказ и Византия», միջազգային ճանաչում ստացած պարբերականի հիմնադիրներից էր և խմբագիր Պ․Մուրադյանի հատու բազուկը։ Հայրապետ Մարգարյանը նաև ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդեսի լավագույն հեղինակներից էր, որին կարողացել էին բացահայտել երջանկահիշատակ ակադեմիկոսներ Մկրտիչ Ներսիսյանը և Մատենադարանի տնօրեն Լևոն Խաչիկյանը:
Հայրապետ Մարգարյանը վրացերեն լեզվի ուսուցումը Հայաստանում ներդնողներից էր: Նրա և Պավել Չոբանյանի ջանքերով էր, որ 1983 թ. վրացերենից հայերեն թարգմանվեց Ա.Շանիձեի «Հին վրացերենի քերականություն» աշխատությունը, իսկ ԵՊՀ-ի իր իսկ ղեկավարած Հայաստանը և հարակից երկրները ամբիոնի ջանքերով ուսումնական առարկաների թվում հայտնվեց նաև վրացերենը:
Հայրապետ Մարգարյանը մեծ ավանդ ունի նաև հայ և վրաց միջնադարյան սկզբնաղբոյւրների հետազոտության ասպարեզում: Իր բացահայտումներով և վերլուծություններով նոր կյանք է տվել Մովսես Խորենացու, Սեբեոսի, Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց Պատմություն»-ների, Սամուելի և Մխիթար Անեցու «Ժամանակագրությունների» և Քարթլիս Ցխովրեբայի բնագրերի բազմաթիվ դրվագների, նորովի անդրադարձել է միջնադարյան վանական Սահմանքներին և Շուշանիկ վկայաբանությանը։ Նա իր կարողությունները ի ցույց է դրել նաև հայկական միջնադարյան վիմական սկզբնաղբյուրների վերլուծության և հրատարակության բնագավառում: Նրա գրչին են պատկանում հայերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով գիտական մամուլում հրապարակված շուրջ 200 հետազոտություններ։ Գիտական գործունեության համար 1986 թ. Հ. Մարգարյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով:
Իր աշխատասիրությամբ, նվիրվածությամբ, գիտական ու մակավարժական վաստակով հաղթեց կյանքին, բարի հիշատակ թողնելով իրեն ճանաչողների սրտերում։
Հայրապետ Մարգարյանը Բուն իմաստով քաղաքացի էր, նվիրված իր ծննդավայրին, ընտանիքին, գիտությանը և իր հայրենիքին։ Նա կարող է օրինակ հանդիսանալ սերունդների համար։
Հիշատակն արդարոց օրհնեալ եղիցի։
պ․գ․դ․ Ազատ Բոզոյան
|
|
|
|
|
|
|
|
|
|
|