|
|
|
|
|
|
|
|
ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽԵԹԱ-ԽԱԹԱ-ԼՈՒՎԻԱԿԱՆ ԵՆԹԱՇԵՐՏԸ |
|
|
|
ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽԵԹԱ-ԽԱԹԱ-ԼՈՒՎԻԱԿԱՆ ԵՆԹԱՇԵՐՏԸ
ՀԱՍՄԻԿ ՀՄԱՅԱԿՅԱՆ
Մայիսի 14-ին Արևելագիտության ինստիտուտում զեկուցմամբ հանդես եկավ Հին Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․, դոցենտ Հասմիկ Հմայակյանը։
Հայոց հնագույն մշակույթը և հայոց լեզուն բարդ և բազմաշերտ երևույթներ են, որոնց գիտական ուսումնասիրությանը, տիպաբանմանն ու դասակարգմանը գիտնականները սկսել են անդրադառնալ հիմնականում 19-րդ դարից սկսած: Մեր ուսումնասիրություններում մենք անդրադարձել ենք հայոց մշակույթի և հայոց լեզվի խաթա-խեթա-լուվիական ենթաշերտին:
Խեթահայկական ծիսաառասպելաբանական ընդհանրություններից այս ելույթում մենք անդրադարձել էինք Վանա լճի ավազանի հետ կապված պատկերացումներին։ Հարկ է նշել, որ Վանա լճի ավազանը ընդհանրապես շատ կարևոր քաղաքակրթական դերակատարում է ունեցել Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակույթների ձևավորման գործընթացում։
Վանա լճի ավազանը Արևի պաշտամունքի հնագույն օրրան է և այդ մասին վկայող վաղագույն հավատալիքները, հավանական է, կապվում են խեթական աշխարհի հետ: Խեթական միջին թագավորության շրջանից պահպանված աղբյուրները ներկայացնում են Արևին նվիրված հիմներ, Օվկիանոսի կողմից Արևի առևանգման, Արևի և Օվկիանոսի մասին առասպելներ, որոնցում առկա են ծովից-օվկիանոսից բարձրացող և նրա մեջ սուզվող արևի մասին պատկերացումներ, որոնք, կարող են վերաբերվել հենց Վանա լճին: Եվ այս խեթական առասպելներում արտացոլված պատկերացումները ուղղակի նույնական են հայկական ավանդապատումներում Վանա լճի, որպես արևի ննջարան ընկալումների հետ:
Հայտնի է, որ Վանա լիճը համարվում է նաև վիշապների բնակավայր, որոնց հրեշտակները շղթայակապ բարձրացնում են արևի մոտ, որը մոխրացնում է նրանց: Այս ավանդապատումներում արևի կողմից վիշապների մոխրացման առասպելը կարծես ուղղակիորեն ակնարկում է Վահագնին, որը հայոց դիցարանում բացի ամպրոպային հատկանիշներից, ինչպես նշում են ուսումնասիողները, ուներ նաև արևային հատկանիշներ և հանդիսանում էր Վիշապամարտիկ: Եվ մենք այստեղ գործ ունենք արևային աստծո և վիշապի պայքարի արձագանքի հետ, որ հնդեվրոպական հիմնական առասպելական սյուժեներից է: Հետաքրքրական է, որ Վահագնի արևային հատկանիշներ ունենալու մասին վկայող հետևյալ տողերը՝ «նա հուր հեր ունէր, ապա թէ բոց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք», ըստ Վ. Իվանովի իր ապշեցնող զուգահեռն ունի խեթական տեքստերում պահպանված արևի հիմներից մեկում արևի աստծո, հատկապես նրա լազուրե մորուքի նկարագրության հետ, և ուսումնասիրողը հարց է տալիս, թե արդյոք սա խեթանախահայկական մշակութային և կրոնական փոխազդեցությունների արտացոլում չէ՞ արդյոք:
Խեթահայկական զուգահեռներ են դիտարկելի նաև եղջերուների և Արևի պաշտամունքի կապի առումով, ինչն արտացոլվել է խեթական սեպագիր աղբյուրներում, պատկերագրության մեջ, որոնք իրենց ապշեցուցիչ զուգահեռներն ունեն հայկական ժայռապատկերներում և հնագիտական նյութերում։ Նյութի ուսումնասիրության արդյունքում կարելի է ասել, որ Փոքր Ասիայում բնակվող խաթական և խեթալուվիական ժողովուրդներին և հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչներին բնորոշ էին եղջերուների պաշտամունքը և նրա կապը Արևի պաշտամունքի հետ, և այս պատկերացումային ընդհանրությունները կարող են հավանաբար վկայել նրանց փոխադարձ շփումների և փոխազդեցությունների մասին։
Խեթահայկական առնչությունների մի կարևոր մասն են կազմում բառային փոխառությունները։ Այս հարցը դեռևս անցյալ դարի 20-ականներից գտնվում է հայ և օտարազգի ուսումնասիորղների ուշադրության կիզակետում և շարունակվում է առ այսօր։ Մենք խեթերենից հայերենին անցած փոխառությունները բաժանել ենք հետևյալ իմաստային խմբերի․
1.Բռնություն և իշխանություն ցույց տվող բառեր, որոնցից են օրինակ՝ հայերեն հատել, խողխողել, ջախել, իշխան բառերը 2. Սոցիալական հարաբերություններ ցույց տվող եզրույթներ՝ կօշնել, լուծ, 3. Մշակութային, տնտեսական ոլորտի բառեր․ ասր, բրուտ, մառան, հաց, ջնար, 4. Կենդանիների և բույսերի անվանումներ՝ տառեղն, լախուր, փետուր, 5. Ծիսական տերմիններ և դիցանուններ՝ Տորք դիցանունը, մաղթել, սպանդ, աստուած և այլն:
Հիմնվելով վերոնշյալ դիտարկումների վրա` կարելի է փաստել, որ խեթա-հայկական շփումները տեղի են ունեցել Խեթական կայսրության գոյության պայմաններում, և հայերը գտնվել են խեթերի մշակութային, տնտեսական և քաղաքական ազդեցության ոլորտում։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|