|
|
|
|
|
|
|
|
«Թուրքիան ընտրությունների նախաշեմին» |
|
|
|
2011 թ. հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այդ կապակցությամբ հունիսի 8-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղանի քննարկում` «Թուրքիան ընտրությունների նախաշեմին» խորագրով:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած կլոր սեղանի քննարկումը բացեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ Թուրքիայում ընտրապայքարն անցնում է լարված մթնոլորտում: Եվ չնայած ընտրապայքարին մասնակցում են 15 կուսակցություններ, սակայն ներկայիս կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության հաղթանակը անխուսափելի է:
Այնուհետև սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրնց դիտարկումները ներկայացրին Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատողներ` Վահրամ Տեր-Մաթևոսյանը (պ. գ. թ.), Անուշ Հովհաննիսյանը և Տաթևիկ Մանուկյանը:
Վ. Տեր-Մաթևոսյանը անդրադարձավ Թուրքիայի կուսակցությունների միջև ընթացող ընտրապայքարին, նշելով, որ Թուրքիայի համար գալիք ընտրություններն առանձնահատուկ են մի շարք առումներով: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ երկրի առաջատար կուսակցություններն ընտրությունների են գնում թեկնածուների թարմացված ցուցակներով: Նախ` այս ընտրություններին չեն ներկայացվել իշխանամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմում գործող 164 պատգամավորների թեկնածություններն, իսկ «Հանրապետական ժողովրդավարական» կուսակցության 101 գործող պատգամավորներից միայն 23-ն են ընդգրկվել նախընտրական ցուցակում:
Ա. Հովհաննիսյանն էլ խոսելով ընտրապայքարում առաջ քաշված երկրի արտաքին քաղաքականության վերաբերող ծրագրերի մասին, նկատեց, որ Թուրքիայի կուսակցություններից յուրաքանչյուրն ընտրազանգվածին առաջարկում է զարգացման սեփական մոդելը: Ըստ նրա` ԱԶԿ հանդես է գալիս բավական հավակնոտ արտաքին քաղաքական ծրագրով` ընտրողներին խոստանալով մոտակա տարիներին Թուրքիան դարձնել, ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մասշտաբով եղանակ ստեղծող պետություն: Ի տարբերություն ԱԶԿ-ի` ՀԺԿ ծրագիրը Թուրքիայի համար ավելի համեստ դեր է նախատեսում համաշխարհային քաղաքականության մեջ:
Տ. Մանուկյանն էլ նշեց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում աննախադեպ հետաքրքրություն կա քրդական գործոնի նկատմամբ: Նրա դիտարկմամբ` այս ընտրություններում ակնհայտ դարձավ, որ քրդական կուսակցությունները միասնական ցուցակով չեն կարող հաղթահարել 10 տոկոսանոց շեմը, և այդ պատճառով իշխանություններից պահանջում են սահմանել 5 տոկոսանոց շեմ: Փորձագետի կարծիքով, դա ստիպել է քրդամետ կուսակցություններին միավորվել մի պլատֆորմի մեջ, որը կոչվում է «Աշխատավորական ազատությունների և ժողովրդավարության ճակատ»: Այս ուժը ընտրություններին ներկայացրել է 60 թեկնածու, հավակնում է ստանալ 35-40 մանդատ:
Կլոր սեղանի մասնակիցները հանգեցին այն գնահատականին, որ ներկայիս իշխանամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակում է մնալ խորհրդարանում մեծամասնություն կազմելու ամենահավանական տարբերակը: Որպես կարևոր առանձանահատկություն նշեցին նաև այն հանգամանքը, որ ընտրապայքարը անցնում է երկրի քաղաքական կյանքում զգալի ազդեցություն ունեցող զինվորականության վրա աննախադեպ ճնշումների ներքո:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|