|
|
|
|
|
|
|
|
04.03.2016 |
|
|
|
Սույն թվականի մարտի 4-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ արդի հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան քննարկումների հերթական նիստը: Քննարկվեց ‘’Իրանի Իսլամական հանրապետությունում փետրվարի 26-ին տեղի ունեցած Խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրությունների արդյունքները, տրվեցին գնահատականներ:
Հիմնական բանախոսներն էին` պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը, բ.գ.թ. Արմեն Իսրայելյանը և պ.գ.թ. Նազելի Նավասարդյանը:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն` ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ներկայացնելով բանախոսներին` կարևորեց թեմայի արդիականությունը, մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված նոր իրադրության համատեքստում ընտրությունների արդյունքների ազդեցությունն Իրանի ներքին և արտաքին քաղաքականության վրա: Խիստ կարևորվեց նաև Հայաստանի համար Իրանի շուրջ վերջին դրական ֆոնի վրա տեղի ունեցող զարգացումները:
Գոհար Իսկանդարյանը հիմնականում ներկայացրեց Իրանում տեղի ունեցած` Մեջլիսի և Փորձագետների խորհրդի ընտրություննրի ընթացքը, որտեղ նշեց,որ Իրանը վերջին 36 տարիների ընթացքում, ձևավորել է իր ուրույն ընտրական կարգը, որը ի դեպ նման չէ աշխարհի ոչ մի ընտրական համակարգին: Այստեղ թեկնածուները առաջադրվում են ոչ թե կուսակցություններոից, այլ հիմնականում հարում են այս կամ այն ճամբարներին, անհատներին: Սակայն իրանագետի ուշադրության կենտրոնացված էր հիմնականում իրանահայության ընտրության իրավունքի և Իրանի Մեջլիսի երկու հայ թեկնածուների գործունեությունը: Ըստ բանախոսի Մեջլիսում ընդգրկված երկու հայ պատգամավորների հիմնական գործառույթն է վերհանել հայ համայնքին վերաբերող խնդիրները և դրանց լուծում տալ իրենց հնարավոր խողովակներով, այդ խնդիրները հիմնականում վերաբերում են` հայկական դպրոցներին, կրոնի ու հայոց լեզվի դասավանդմանը: Հիշատակության է արժանի նաև երկար տարիներ տևած կրոնական փոքրամասնություններին հատուկ՝ ավանդույթների, հավաքների, ծեսերի, իրավական ու դատական-ժառանգական տարբեր իրավունքների օրենսդրական դաշտում շահեկան վիճակում ամրագրելու շուրջ իրականացրած աշխատանքները: Բանախոսը կարևորեց այն աշխատանքները ևս, որ տարվել էր պատգամավորների կողմից Իրանում գոյություն ունեցող արյան գնի շուրջ: Մինչ այդ տարբեր չափանիշներով էր գնահատվում քրիստոնիայի և մահմեդականների արյան գինը, որն առավել հայտնի է իբրև դիե-ի հավասարության օրենք:
Արմեն Իսրայելյանի ելույթն ամբողջությամբ նվիրված էր ԻԻՀ Փորձագետների խորհրդի 5-րդ գումարման ընտրություններին, որտեղ նա հանգամանալի կերպով ներկայացրեց այդ խորհրդի կառուցվածքն ու գործառույթները, ընտրությունների արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ Իրանի հաջորդ հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներին: Ըստ բանախոսի Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 795 թեկնածուներից միայն 161 անձ է արժանացել Պահապան խորհրդի հավանությանը:
Իսրայելյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ հոգևոր առաջնորդ ընտրելու գործառույթով օժտված Փորձագետների խորհրդի 88 հոգանոց կազմն ընտրությունների արդյունքում հետևյալ պատկերն է ստացել՝
27 մանդատ ստացել են պահպանողականները (30%)
20 մանդատ ստացել են բարեփոխականները (23%)
6 մանդատ անկախ փորձագետները (7%)
35 մանդատ ստացել են պահպանողականների և բարեփոխականների ընդհանուր աջակցությունը վայելող թեկնածուները (40%):
Իրանագետը նաև ներկայացրեց այն հնարավոր թեկնածուներին, որոնք կարող են մասնակցել հոգևոր առաջնորդի հաջորդ ընտրություններում. Նրանք են` Հաշեմի Շահռուդին, Սադեղ Արդեշիր Լարիջանին, Ղոլամ Հոսեյն Էժեին:
Նազելի Նավասարդյանը քննական առարկա էր դարձրել ԻԻՀ ընտրական համակարգի առաձնահատկությունները և 10-րդ գումարման մեջլիսի ընտրությունների արդյունքերը: Նրա խոսքի համաձայն` Մեջլիսի ընտրությունների ընթացքում թեկնածուներն առաջադրվելով՝ անցնում են բազմափուլ ֆիլտրացիոն գործընթաց, ինչը թույլ է տալիս էապես կրճատել և զտել բուն ընտրարշավին մասնակցող թեկնածուների թե՛ թվաքանակը, թե՛ կազմը: Բանախոսը փաստում է, որ Իրանում եվրոպական տիպի կուսակցությունների բացակայության պայմաններում, զարգացել և ձևավորել է ֆրակցիոն համակարգը, որը պայմանականորեն բաժանվում է պահպանողական և բարեփոխիչների ճամբարների` իրանական բարդ և բազմաշերտ քաղաքական համակարգն ավելի ընկալելի դարձնելու նպատակով: Ֆրակցիաներին հարող քաղաքական գործիչները հիմնականում համախմբվում են այս կամ այն հեղինակավոր գործչի շուրջ՝ պայմանավորված է սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական ոլորտների խնդիրների նկատմամբ իրենց մոտեցումներով: Արդյունքում` 2004 թ. ի վեր պահպանողականների երբեմնի գերակա դիրքերը Մեջլիսում սասանվեցին: Միաժամանակ նշվեց, որ Մեջլիսի վերջնական ձեւավորման համար որոշիչ նշանակություն կունենա 62 տեղ զբաղեցրած անկախ և գրեթե նույն քանակությամբ երկրորդ փուլ անցած պատգամավորների քաղաքական կողմնոոշումները:
Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում հետաքրքիր և ուշագրավ դիտարկումներով, հարցադրումներով և կարծիքներով կիսվեցին նաև պ.գ.դ, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը, պ.գ.թ. Ռուդիկ Յարալյանը, Աննա Գևորգյանը և այլք:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|