Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
Ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 10:30-ից 16:30-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ, կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» (“ARMENIAN-SYRIAN RELATIONS: HISTORICAL ENCOUNTERS, CURRENT DEVELOPMENTS AND PERSPECTIVES”) թեմայով: Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
Գիտաժողովը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ` գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy) քննարկել հայ-սիրիական հարաբերությունների պատմական զարգացման տարբեր փուլերը, արդի շրջանում տարածաշրջանային կերպափոխումների և մարտահրավերների առանցքում դրանցում դրսևորվող առանձնահատկությունները, ինչպես նաև հեռանկարները: Հատուկ քննարկման առարկա է սիրիական ճգնաժամը, ներսիրիական, տարածաշրջանային և միջազգային դերակատարների ներգարվումն, ու դրա ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա: Կքննարկվեն նաև սիրիահայ համայնքնի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հնարավոր հեռանկարները:
Գիտաժողովին մասնակցում են մի շարք դիվանագետներ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ և լիզոր դեսպան պր. Դավիթ Հովհաննիսյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2007-2018 թթ.), Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պր. Արշակ Փոլադյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պր. Տիգրան Գևորգյանը, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նախկին դեսպան պր. Մուհամադ Հաջ Իբրահիմը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության հյուպատոսական և տնտեսական կցորդ պր. Ահմադ Հասան Ալաթբա, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար (Chargé d\\\'affaires) տիկին Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պր. Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղական պր. Մուհամեդ Սալահը և այլոք:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար պր. Յուրի Սուվարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պր. Ռուբեն Մելքոնյանը: Գիտաժողովին մասնակցում են առաջատար հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտից և այլն:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Հրավերն ու գիտաժողովի ծրագիրը կցված են:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, արաբերեն, անգլերեն