|
|
|
|
|
|
|
|
2011.10.19 |
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ XXXII ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ |
|
|
|
2011 թ. հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ արևելագետների XXXII հանրապետական գիտական նստաշրջանը: Այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Միջոցառման կազմակերպիչն էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների խորհուրդը: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը, Էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոնը, Պատմամշակութային արգելոց թանգարանների և պետական միջավայրի պահպանության ծառայությունը, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Մարտին Լյութերի համալսարանը (Հալլե, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն):
Նստաշրջանի բացմանը ելույթ ունեցավ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ Ս. Գրիգորյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Սուվարյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ռ. Սաֆրաստյանը։
Գիտաժողովի շրջանակում անցկացվեց 8 նիստ հետևյալ խորագրերով. «Իրանագիտություն», «Թուրքագիտություն», «Արաբագիտություն», «Հին և միջնադարյան պատմություն», «Արևելյան Ասիա», «Միջազգային հարաբերություններ», «Ցեղասպանություն»։
Երկօրյա նստաշրջանի շրջանակում զեկուցումներով հանդես եկան 44 երիտասարդ գիտնական, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետությունից և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Մասնակիցները անդրադառցան Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի, Կովկասի երկրների ու ժողովրդների պատմության, միջազգային հարաբերությունների և արևելյան մշակույթի, ինչպես նաև ցեղասպանագիտության արդիական մի շարք հիմնահարցերին, ներկա քաղաքական զարգացումներին:
Գիտական նստաշրջանի լավագույն նյութերը ընդգրկվելու են ինստիտուտում հրատարակվող «Մերձավոր Արևելք» ժողովածուի VIII հատորում:
Գիտաժողովի նպատակն էր բացահայտել արևելագիտության ասպարեզ մուտք գործող շնորհալի և խոստումնալից երիտասարդների, այս կերպ նպաստելով Հայաստանում արևելագիտության զարգացմանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|