|
|
|
|
|
|
|
|
2017.04.26 |
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ |
|
|
|
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2017
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրան իր աշխատանքներն է սկսել 2008 թ.-ից: Մագիստրատուրայի դասընթացները և ծրագրերը հաստատված են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Մագիստրատուրայում դասավանդում են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, որոնք լայնորեն ճանաչված են ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև արտերկրում (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյան, պ.գ.դ. Պ. Չոբանյան, պ.գ.դ. Ա. Քոսյան, պ.գ.դ. Ա. Բոզոյան, բ.գ.դ Ա. Կոզմոյան, պ.գ.թ. Ռ. Ղազարյան, պ.գ.թ. Գ. Մարգարյան, պ.գ.թ. Գ. Իսկանդարյան, պ.գ.թ. Լ. Հարությունյան, պ.գ.թ. Ա. Փաշայան, պ.գ.թ. Ա. Գասպարյան, պ.գ.թ. Հ. Հմայակյան, պ.գ.թ. Ն. Նավասարդյան, պ.գ.թ. Ք. Մելքոնյան, Ա. Հովհաննիսյան, Տ. Մանուկյան, Կ. Սահակյան): Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում ուսանողները կստանան խորացված և համակարգված գիտելիքներ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և ժողովուրդների հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության, մշակույթի, կրոնի վերաբերյալ: Հին Արևելքի պատմության և հինարևելյան դիցաբանության հիմնահարցերը ուսանողի մոտ ամբողջական կդարձնեն Մերձավոր և Միջին Արևելքի` որպես քաղաքակրթության բնօրրանի մասին պատկերացումները: Ուսանողը նաև խորացված գիտելիքներ կստանա ժամանակակից Թուրքիայի, Իրանի, Արաբական երկրների պատմության, քաղաքականության, տարածաշրջանային, միջազգային հարաբերությունների կարևորագույն հարցերի վերաբերյալ:
Մագիստրոսական ավարտական աշխատանքի թեմաները կհաստատվեն ուսումնառության առաջին կիսամյակում: Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ազատ ընտրություն կատարել մագիստրոսական ատենախոսությունների թեմաները ընտրելիս: Թեմաներ կարելի է ընտրել ոչ միայն զուտ արևելագիտական ուղղվածությամբ, այլ նաև Համաշխարհային պատմության, միջազգային հարաբերությունների կարևորագույն հիմնահարցերի շուրջ: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում աշխատում և մագիստրատուրայում դասավանդում են այդ բնագավառի լավագույն մասնագետները, որոնք կօգնեն ուսանողներին իրենց մագիստրոսական աշխատանքները պատշաճ կերպով իրականացնել:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտության գծով մագիստրատուրայում դասավանդվող մի քանի դասընթացների (պարտադիր և կամընտրական) ցանկը`
• Հին աշխարհի պատմության տեսություն
• Հին արևելյան առասպելաբանություն և դիցաբանություն
• Միջին դարերի պատմության տեսություն
• Իսլամական քաղաքակրթության ուրվագծեր
• Քրիստոնյա Արևելքի պատմության և աղբյուրագիտության ներածություն
• Բյուզանդիայի պատմության հիմնահարցեր
• Կովկասագիտության ներածություն
• Օսմանյան կայսրության պատմության հիմնահարցեր
• Արաբա-թուրքական հարաբերությունները 1907-1918 թթ.
• Արաբական երկրների պայքարը անկախության նվաճման համար (1918-1969 թթ.)
• Արաբական երկրների պատմության հիմնահարցերը (XX դարի վերջ - XXI դարի սկիզբ)
• Իրանի պատմության հիմնահարցեր (նոր շրջան)
• Իրանի պատմության հիմնահարցեր (նորագույն շրջան)
• Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ
• Թուրքիայի Հանրապետության պատմության հիմնահարցեր
• Համաշխարհայնացման գործընթացը. քաղաքական ասպեկտ
• Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հիմնահարցեր
• Կասպիական տարածաշրջանը միջազգային հարաբերությունների համատեքստում
• Քրդական հիմնախնդիրը Մերձավոր Արևելքում
• Էթնոդավանական իրավիճակը Արաբական երկրներում (20-րդ դ. - 21-րդ դ. սկիզբ)
• Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և ժողովուրդների պատմության հիմնահարցեր
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրան հնարավորություն կընձեռի ուսանողին գնահատել պատմական գործընթացների օրինաչափությունները և առանձնահատկությունները Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, մեկնաբանել այդ երկրների աշխարհագրական, ժողովրդագրական և հասարակական-քաղաքական բնութագրերը, ինչպես նաև Արևելք-Արևմուտք պատմամշակութային առնչությունները: Ուսանողը կհետազոտի այդ երկրների ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթի հիմնական առանձնահատկությունները, իսլամի և ավանդական այլ կրոնների, դրանց հիմնական ուղղությունների պատմությունը, կհասկանա դրանց դերը հասարակական ինստիտուտների կայացման և գործունեության մեջ: Ուսանողը կարող է անկախ աշխատել և' տեսական, և' կիրառական ասպարեզներում, ունակ կլինի իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կրթական, մշակութային, վերլուծական ոլորտներում: Ուսանողը հնարավորություն կստանա ուսումը շարունակել բարձրագույն կրթության երրորդ մակարդակում` ասպիրանտուրայում` արևելագիտություն, համաշխարհային պատմություն մասնագիտություններով:
Դասընթացներն առկա ուսման կարգով են և կազմակերպվում են շաբաթական եռօրյա գրաֆիկով: Դասընթացների մեծ մասը կանցկացվի ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում (Մ. Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ): Այստեղ ուսանողները կարող են օգտվել Ինստիտուտի արևելագիտական ուղղվածությամբ Հանրապետությունում ամենամեծ գրադարանից և խորհրդակցել Ինստիտուտի տարբեր բաժինների գիտաշխատողների հետ:
Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի կեսից: Ուսման ավարտին ուսանողներին շնորհվելու է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված` միջազգային չափանիշների համապատասխան, արևելագիտության մագիստրոսի գիտական աստիճան:
Ընդունելության հարցաշարը `
1. Իսլամի առաջացումը և Արաբական խալիֆայության կազմավորումը:
2. Սուննիական և շիական ուղղությունները իսլամում:
3. Արաբական խալիֆայությունը Օմայան և Աբբասյան հարստությունների օրոք:
4. Մերձավոր Արևելքի արաբական երկրները Առաջին համաշախարհային պատերազմի տարիներին:
5. Արաբական երկրները Առաջին աշխարհամարտից հետո. մանդատային համակարգը:
6.Իսրայել պետության ստեղծումը, արաբա-իսրայելական պատերազմները: Պաղեստինի հիմնախնդիրը:
7. Քաղաքացիական պատերազմները Լիբանանում:
8.ՀՀ միջպետական հարաբերությունները արաբական երկրների հետ (1991-2016 թթ.):
9. Օսմանյան պետության առաջացումը:
10. Օսմանյան պետության նվաճողական քաղաքականությունը 14-17-րդ դարերում:
11.Օսմանյան կայսրության ճգնաժամը և թուլացումը 18-19-րդ դարերում:
12. Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմը, Սան Ստեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի վեհաժողովը:
13. 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումը:
14.Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
15. Հայոց ցեղասպանությունը:
16. Սևրի և Լոզանի պայմանագրերը:
17. Քեմալական շարժումը: Թուրքական հանրապետության ստեղծումը և Աթաթուրքի բարենորոգումները:
18. Թուրքիան Երկրորդ աշխարհամարտի տարիներին:
19. Թուրքիայի անդամակցությունը Արևմտյան դաշինքին: Բանակի դերը Թուրքիայում:
20. Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ 1991-2016 թթ.:
21. Սեֆյան պետության կազմավորումը:
22. Իրանը շահ Աբբաս I-ի օրոք:
23. Նադիր շահի ներքին և արտաքին քաղաքականությունը:
24. Ռուս-պարսկական առաջին և երկրորդ պատերազմները:
25. Իրանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
26. 1921 թ. ռազմական հեղաշրջումը Իրանում:
27.Իրանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
28. «Սպիտակ» հեղափոխությունն Իրանում:
29. 1978-1979 թթ. հակամիապետական հեղափոխությունը Իրանում և Իրանի Իսլամական Հանրապետության առաջացումը:
30. Իրանա-իրաքյան պատերազմը:
31. Հայաստան-Իրան հարաբերությունները 1991-2016 թթ.:
Գրականություն
1. Հովհաննիսյան Ն.Հ., Արաբական երկրների պատմություն, Երևան, I-IV հատորներ, Երևան, 2003-2007:
2. Բայբուրդյան Վ.Ա., Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 2005:
3. Բայբուրդյան Վ.Ա., Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, 2011:
4. Բայբուրդյան Վ.Ա., Իսլամ, Երևան, 2016:
5. Թուրքիայի Հանրապետության պատմություն (պատ. խմբ.՝ Ռ. Սաֆրաստյան), Երևան, 2014:
6. Հայաստանի հարակից երկրների պատմություն, Երևան, հատոր I, II, 2013, 2016:
7. Սաֆրաստյան Ռ.Ա., Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը, Երևան, 2009:
8. Кальвокоресси П., Мировая политика после 1945 года, Москва, 2000.
9. Миллер А.Ф., Очерки новейшей истории Турции, Москва-Ленинград, 1948.
10. Dilip Hiro, The Essential Middle East. A Comprehensive Guide, New York, 2003.
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- բարձրագույն կրթության դիպլոմի և միջուկի պատճենները,
- քաղվածք աշխատանքային գրքույկից կամ զինվորական գրքույկից,
- անձնագրի պատճենը,
- երեք լուսանկար (3x4 չափի):
Փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է անձամբ:
Դիմումների ներկայացումից հետո դիմորդները պետք է անցնեն հարցազրույց:
Դիմել՝ Երևան, Մ. Բաղրամյան 24դ, 2-րդ հարկ,
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի մասնաշենք), հեռախոս՝ 010-52-48-12, էլ.փոստ՝ info@isec.am
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն` պ.գ.թ., դոցենտ Ռ. Ղազարյան (բջջ. հեռ.` 055-97-22-77, աշխ. հեռ.` 010-56-52-11, e-mail: rghazaryan@orient.sci.am):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|